
Նկարագրություն և նպատակ
Ucom Ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագիրը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից և միտված է զարգացնելու և հզորացնելու սկզբնական փուլում գտնվող այն նախագծերը, որոնք համատեղում են բնապահպանական և տեխնոլոգիական լուծումներ: Այս ֆելոուշիփը եզակի հնարավորություն է ստեղծում սկսնակ ձեռնարկատերերի և նորարարների համար՝ շրջակա միջավայրի կայունության մարտահրավերներին ուղղված իրենց գաղափարները վերածելու ազդեցիկ լուծումների:
Ucom Ֆելոուշիփը նպատակ ունի աջակցել տաղանդավոր անհատներին և թիմերին, ովքեր դիտարկում են տեխնոլոգիաները շրջակա միջավայրի կայունության մեջ ինտեգրելու նորարարական ուղիներ: Ծրագիրը ուղղորդելու է մասնակիցներին իրենց սկզբնական գաղափարների վավերացման գործընթացի, բիզնես մոդելների կատարելագործման և նախատիպերի կամ նվազագույն կենսունակ արտադրանքների (MVP) մշակման գործում:
Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցների համար կկազմակերպի հարմարեցված դասընթացներ` շրջանաձև տնտեսության սկզբունքների, բիզնեսի կառավարման և տեխնիկական կարողությունների վերաբերյալ: Մասնակիցները փորձառու մենթորներից կստանան անհատական ուղեցույց, ինչպես նաև հետադարձ կապ ու աջակցություն, ինչը կարևոր է նախագծի մշակման սկզբնական փուլերը հաղթահարելու համար:
Առավելություններ
Ֆելոուշիփը տրամադրում է անվճար հասանելիություն Իմփաքթ Հաբի էկոհամակարգին և ներառում է․
- Գաղափարի վավերացում և ճշգրտում
- Ձեռնարկատիրական գիտելիքները զարգացնող դասընթացներ
- Մենթորություն ոլորտում գործող ձեռներեցների/մասնագետների կողմից Ucomի շնորհիվ
- Փորձագետների կողմից խորհրդատվական ծառայություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շուկայի վերլուծությունը, կայունությունը և տեխնոլոգիաների զարգացումը
- Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ աշխատանքային տարածքին և համայնքին
- Մասնագիտական կապերի ստեղծման և փորձի փոխանակման հնարավորություն
- Լավագույն 3 գաղափարները ծրագրի ավարտին կարժանանան 400,000 դրամ ֆինանսական մրցանակի:
Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան միանալու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցության ծրագրին, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը ֆելոուշիփի շրջանակներից դուրս։
Կարևոր ժամկետներ
- Ծրագրի տևողությունը 8 ամիս է։
- Դիմումների վերջնաժամկետ՝ Ապրիլի 13, 2026 թ․
Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կարտադրեն նվազագույն կենսունակ արտադրանք (MVP) մինչև ֆելոուշիփի ավարտը:
Թիրախային խումբ
Այս ծրագրի թիրախային խումբը ներառում է անհատներ, թիմեր, ստարտափներ և ձեռներեցներ Հայաստանում, ովքեր աշխատում են տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի կայունության ոլորտներում և ունեն մասշտաբայնության և չափելի ազդեցության ներուժ:
Ովքե՞ր կարող են դիմել
Կարող են դիմել բոլոր անհատները/թիմերը, որոնք նորարարական մոտեցումներ են մշակում տեխնոլոգիաների օգնությամբ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար:
Բոլոր նրանք, ովքեր կընտրվեն ֆելոուշիփ ծրագրի համար, պարտավորվում են իրականացնել իրենց նախաձեռնությունը որպես առաջնահերթություն (այսինքն՝ իրենց ժամանակի առնվազն 70%-ով) և մասնակցել ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 70%-ին Իմփաքթ Հաբ Երևանում:

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Ucom-ի կողմից։