Վահե և Լուսի հիմնադրամի ֆելոուշիփ 2023
13 April 2023 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն և նպատակ

Ստեղծարար արդյունաբերության ոլորտում «Վահե և Լուսի» հիմնադրամի ֆելոուշիփն Իմփաքթ Հաբ Երևանի և «Վահե և Լուսի» հիմնադրամի մեկամյա ծրագիրն է։, Այն ուղղված է նոր հնարավորություններ ստեղծելու բոլոր նրանց համար, ովքեր իրականացնում են արվեստի և մշակույթի հետ առնչվող նախագծեր, այդ թվում՝ հետազոտություններ և/կամ Հայաստանում նոր կազմակերպությունների կամ ստարտափների հիմնում։

ֆելոուշիփի նպատակն է ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ ստեղծագործ ձեռներեցներին, հետազոտողներին կամ կազմակերպություններին լավագույնս իրականացնելու իրենց աշխատանքը ոգեշնչող և աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանում փոփոխություններ բերող ավելի քան 340 լավագույն և ամենավառ անհատներին՝ ներկայացված ավելի քան 110 կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով:

Այս ֆելոուշիփային ծրագիրն առաջարկում է աշխատարաններ, անհատական մենթորություն, անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին և ծրագրի ավարտին լավագույն մասնակիցներին գումարային մրցանակ ստանալու հնարավորություն։

Առավելություններ

Ֆելոուշիփը  տրամադրում է անվճար հասանելիություն Իմփաքթ Հաբի եզակի էկոհամակարգին և ներառում է․

  • Ձեռնարկատիրական գիտելիքները զարգացնող դասընթացներ
  • Անհատական մասնագիտական ուղղորդում ֆելոուշիփի համակարգողի կողմից
  • Ոլորտի ձեռնարկատերերի/մասնագետների կողմից մենթորություն 
  • Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
  • Ոգեշնչող տարածքից աշխատելու և ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն
  • Իմփաքթ Հաբ Երևանի 340-ից ավելի նորարար անդամների հետ մասնագիտական կապերի ստեղծման և փորձի փոխանակման հնարավորություն 
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի բոլոր հիմնական հարթակներում 
  • Լավագույն 5 գաղափարները ծրագրի ավարտին կարժանանան $3,000 ֆինանսական մրցանակի: 

Կարևոր ժամկետներ

ֆելոուշիփ ծրագրի տևողությունը՝ մեկ տարի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիս 7, 2023թ․։

Մեկնարկը՝ մայիս, 2023թ․:

Թիրախային խումբ

Ծրագրի թիրախային խմբում այն անհատները, հետազոտողները, հասարակական կազմակերպությունները, բիզնեսները, սոցիալական ձեռնարկատերերը կամ նախագծերն են, որոնք աշխատում են Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտում, ինչպես օրինակ ներքոնշյալ ոլորտները (և ոչ միայն).

  • Վիզուալ արվեստ
  • Արհեստներ (օրինակ՝ ջուլհակություն, կահույքի դիզայն և զարդերի դիզայն)
  • Ֆիլմարտադրություն, հեռուստատեսություն, անիմացիա, վիզուալ էֆեկտներ, վիդեո, ռադիո և լուսանկարչություն
  • Վիդեոխաղեր, վիրտուալ և ընդլայնված իրականություն (VR & XR)
  • Թանգարաններ, պատկերասրահներ և մշակութային ժառանգության հետ կապված ձեռնարկություններ
  • Գրական ստեղծագործություններ, հրատարակչություններ և գրադարաններ
  • Դիզայն՝ ներառյալ արտադրանքի դիզայն, գրաֆիկ դիզայն և նորաձևություն
  • Ճարտարապետություն և քաղաքային դիզայն
  • Խոհարարական արվեստ

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել ստեղծագործական արդյունաբերության ոլորտներում գաղափարներ իրականացնող համարձակ ու խիզախ անհատները/թիմերը։

ֆելոուշիփ ծրագրի համար ընտրվածները պետք է պարտավորվեն իրենց նախաձեռնության իրականացումը դիտարկել որպես առաջնահերթություն (այսինքն՝ տրամադրեն իրենց ժամանակի առնվազն 70%-ը) և խոստանան մասնակցել Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 70%-ին:

Վահեի և Լուսիի մասին

Վահե Ֆատտալը նկարչություն է սովորել Փարիզի Գեղարվեստի ազգային դպրոցում։ Նա նկարիչ և գրաֆիկական դիզայներ էր, ով հիմնեց իր սեփական դիզայնի և գովազդային գործակալությունը՝ համագործակցելով ժամանցային և կորպորատիվ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ABC հեռուստատեսությունը, «մեծ հնգյակ» հոլիվուդյան կինոստուդիաները, National Geographic, Nissan, UCLA Extension, First Interstate Bank և այլն: Գործակալության ստեղծագործական ծառայությունները ներառում էին կորպորատիվ ինքնության և հաղորդակցության բոլոր ոլորտները, գովազդային և մարքեթինգային արշավները, կինո և հեռուստատեսային արշավները, անիմացիոն գրաֆիկան և բրենդինգը:

Վահեն նաև նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), Արցախի դրոշը (1998), եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը (2004) և վերջինիս տարբերանշանի դիզայնի հեղինակը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Make it Happen» հեռուստամարաթոնի գովազդային արշավի դիզայները (2004), AIM/Armenian International Magazine-ի գեղարվեստական ղեկավարը (1990-1992) և այլն։

Լուսին Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ էր Լոս Անջելեսում (UCLA)՝ փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսի կոչումով: Նախքան Վահեի հետ հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը նա մասնակցել է նաև ֆրանսերեն լեզվի և քաղաքակրթության ինտենսիվ դասընթացների Փարիզի Սորբոնի համալսարանում։ Վահեն և Լուսին նույն պարտավորվածությունն ու կիրքն էին զգում դեպի այն ամենը, ինչը հայկական էր, դեպի բարձրագույն կրթությունը, արվեստը և աշխարհի բացահայտումը։

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լյուսի հիմնադրամի կողմից։